Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցի սաները երգում են ՀՀ պետական օրհներգն ու Երևանի օրհներգը։ Հյուրեր ունեն։ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունն է։
Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման» նորարարական լուծումներ» ՀԿ-ի միջև 2021 թվականին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Նպատակը դպրոցականներին իրազեկելն է, որ թափոնը աղբ չէ, աղբի տեղն աղբամանում է, թափոնների տեղը՝ թափոնամաններում։
Երկու զույգ թափոնամանն էլ տեղադրվեց դպրոցի ուղիղ կենտրոնում, որ աշակերտները գնան–գան, պլաստիկն ու թուղթը գցեն հենց այս թափոնամանների մեջ։
Հանրակրթության վարչությունն ընտրել է այսպիսի 50 դպրոց, թիրախավորել 6–րդ դասարանցիներին։ Կազմվել է բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։ Անցկացվելու են նաև դասընթացներ։
Ըստ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանի ու ծրագրի մյուս համակիրների, սա հենց այն տարիքն է, որ երեխան սկսում է ավելի լայն պատկերացում կազմել շրջակա միջավայրի մասին։ Եթե այս տարիքում հաջողվի էկոհամակարգի նկատմամբ սրտացավություն ու պատասխանատվություն ձևավորել, ուրեմն արդյունք կլինի։ Օրինակ՝ նույն այս սերունդը հինգ տարի հետո թափոնից որևէ արժեք կարող է ստեղծել։ Ի դեպ, «թափոնների տեսակավորում» արտահայտությունը Մխիթարը լսել է 24 տարեկանում, երբ արդեն ուսանող էր, ինչը կրթական բացթողում կարելի է համարել։
Ընտրված 50 դպրոցներում գոյացած թափոնների հետագա ճակատագրով զբաղվելու է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ի թափոնների տեսակավորման վարչությունը, հավաքելու է ու տեղափոխի վերամշակման։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը կարևորում է թափոնների կառավարումը շրջանաձև տնտեսության շրջանակում, ինչն էլ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքերից է։
Նպատակը՝ ստեղծել այնպիսի համակարգ, որում յուրաքանչյուր շիշ կարող է մի քանի անգամ վերամշակվել։ Դրան հասնելու համար պետք է սկսել դպրոցներից։
«Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանն էլ ընդգծեց, որ իրենց համար տեսակավորումը նորություն չէ․ 10 տարվա ընթացքում մոտ 10 տոննա թղթի թափոնի վաճառքից գոյացած գումարով նորոգել են դասասենյակներ, փոխել են դռներն ու պատուհանները: