ՀՈԱԿ-ի մասնագիտական թիմի որդեգրած քաղաքականությունն է միամյա բույսերը փոխարինել բազմամյաներով։
Այս տարի Իրանից ձեռք բերվեց 30 հազար գաճաճ վարդ։ Դրանք տնկվեցին Կենտրոն վարչական շրջանում։ Աչք շոյող նուրբ ու գունեղ այս թփերը փողոցներին, պուրակներին երկարատև ծաղկուն տեսք են տալիս, ու դեռ կշարունակեն, քանի որ երկարակյաց են, քիչ կամակոր ու մինչև 6 ամիս ծաղկած են լինում։ Երևանի կլիմային էլ հեշտ են հարմարվում։
Իրանցի այս գաճաճներից 5000-ն արդեն կտրոնավորվել են «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային տնտեսությունում, և հաջորդ տարի կտեղափոխվեն վարչական շրջաններ։
Երևանում բնակություն են հաստատում նաև այլ տեսակի բազմամյա բույսեր՝ երիցուկ, գայլարդիա, մոխրածաղիկ, քրիզանտեմ, ռուդբեկիա և այլն։
Բազմամյա բույսերը մի շարք առավելություններ ունեն․ միամյա բույսերի համեմատ էկոլոգիապես ճկուն են, դիմացկուն, հողի, ջրի նկատմամբ քիչ պահանջկոտ, նույն տեղում ապրում են 5-ից 20 տարի։ Բազմամյա բույսերը նաև համայնքի գրպանին են հարմար․ քիչ ծախսատար են, ավելի քիչ ագրոմիջոցառումներ են պահանջում։ Ծաղիկներն ընտրվում են երկարատև ծաղկող այգու սկզբունքով, որ իրար հաջորդեն ծաղկելով ու ապահովեն երկարատև գեղազարդություն։