Այո, եթե ծառերը պտղատու են և ցրտահարությունից պաշտպանվելու կարիք ունեն։
Պտղատու ծառերի համար առավել վտանգավոր են փետրվարյան արևի ճառագայթներն ու մարտ ամսվա ջերմային տատանումները։ Չկրապատված ծառի մուգ բույնը փետրվարյան կեսօրին տաքանում է (+9․․․+11 C), և այդ ջերմաստիճանը բավարար է, որ ծառն արթնանա ու սկսվի հյութափոխանակությունը։ Իսկ գիշերը՝ բացասական ջերմաստիճանի ժամանակ, (մինչև -10 C ) հյութը սառչում է, ինչի հետևանքով ծառի հյուսվածները վնասվում են և կեղևի վրա ճաքեր են առաջանում:
Մինչդեռ կրապատված բնով ծառն ավելի ուշ է արթնանում, և մեծ է հավանականությունը, որ ցուրտը կեղևը չի վնասի:
Սպիտակ գույնն անդրադարձնում է արևի ճառագայթները, ծառի բունը չի հասցնում տաքանալ մինչև գարնանային զարթոնքը և սկսում ծաղկել արդեն դրանից հետո։
Եթե աշնանը չի հաջողվել կրապատել ծառը, կարելի է դա անել փետրվարին, երբ ագրեսիվ ցուրտն արդեն նահանջել է, բայց ծառը դեռ չի արթնացել։ Գարնանն արդեն այդ անելն անիմաստ կլինի և կունենա միայն դեկորատիվ նշանակություն։ Իսկ եթե աշնանն արվել է, փետրվարին, մարտին կարելի է պարզապես թարմացնել կրապատումը։
Ոչ, եթե ծառերը դեկորատիվ են
Երևանյան միջավայրում ապրող դեկորատիվ ծառերի կրապատումն անիմաստ է, որովհետև կեղևն արդեն հաստացած է, շերտը՝ ձևավորված։ Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ռազմական մեքենաների շարասյուների համար՝ որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը:
Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ո՛չ պրակտիկ, ո՛չ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա:
Սխալ է նաև այն պատկերացումը, թե կրապատումով հնարավոր է պայքարել միջատների դեմ։ Հակառակը, դա կարող է նպաստել միջատների բազմացմանը՝ կրից չորացած կեղևի տակ։
Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված։