Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն, քանի որ դրանք վերամշակելու հնարավորություն կա:
Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի զարգացած շատ քաղաքների նման Երևանը համայնքի մակարդակով սկսել է թափոնների տեսակավորման գործընթացը: Քաղաքապետի նախաձեռնությանն աջակցեցին նաև միջազգային գործընկեր կառույցները, ինչն էլ հնարավորություն տվեց հաջողությամբ կյանքի կոչել ծրագրի առաջին՝ փորձնական փուլը:
«Ծրագիրն ունի բնապահպանական մեծ նշանակություն, որի միջոցով մենք էապես նվազեցնում ենք աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Այն կանխում է նաև հետագայում դրանց այրումը և վտանգավոր գազերի արտանետումը մթնոլորտ: Կայացած երկրները տասնամյակների ճանապարհ են անցել մինչև այս կարգը ձևավորել են: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք մի փոքր կրճատել այդ ժամկետը և լիարժեք իրականացնել 5-6 տարում»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:«Ամեն անգամ, երբ համակարգային խնդրի ենք բախվում, հասկանում ենք, որ դրա լուծումը պետք է գտնենք բնակչություն, մասնավոր հատված և պետական համակարգ եռանկյունու համագործակցության շնորհիվ միայն»,- նկատում է «Էկո աղբ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վահե Սիլահյանը:
Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ երևանյան փողոցներում փուլ առ փուլ հայտնվեցին հատուկ թափոնամաններ: Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, ընտրվեցին հատուկ գույներով աղբամաններ: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Երևանի 135 հասցեներում արդեն ավելի քան 400 թափոնաման կա տեղադրված: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները:
«Մոնիտորինգ իրականացրեցինք բնակիչների շրջանում և հետաքրքրվեցինք, թե որտեղ են ցանկանում, որ տեղադրվեն թափոնամանները, որից հետո ընտրեցինք հասցեները»,-ասում է Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատու Էմիլ Մկրտչյանը:
Երևանում կան խնդրահարույց հասցեներ, որտեղ թափոնամանների մեջ կամ կենցաղային աղբ է կուտակվում կամ տեսակավորումն ըստ էության չի ապահովվում: Շատ կարևոր է իմանալ նաև թե ապակու, թղթի ու պլաստիկի որ տեսակները չեն վերամշակվում: Համայնքային կազմակերպության թափոնների տեսակավորման վարչությունը բնակիչների հետ մշտական կապ է պահում՝ իրազեկելով նորամուծության նրբությունների մասին։ Տեսակավորված թափոնները աղբամաններից տեղափոխվում են հատուկ տեխնիկայով:
«Շաբաթը վեց օր մեքենաներն աշխատում են և օրվա վերջում գնում են վերամշակման գործարան ու դատարկվում»,- նշում է տեսակավորման մասնագետ Արգիշտի Դարբինյանը:
Համայնքն աշխատում է չորս տնտեսվարողների հետ, իսկ գործարաններն ու արտադրամասերն ընտրվել են մրցութային կարգով:
«Աճուրդով ձևավորված գնով իրենց ենք հանձնում թափոնները՝ թուղթը, ստվարաթուղթը, ապակին և պլաստիկը: Այդ վաճառքից ստացված միջոցներով իրականացնում ենք տարբեր «կանաչ» ծրագրեր, կանաչ գոտիների ընդլայնում: Թափոնների տեսակավորումից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են «կանաչ» ծրագրերի իրականացմանը»,- ընդգծում է Արա Աղայանը:
Օդը, հողը, ջուրը և ընդհանրապես միջավայրը կրում են մարդու գործունեության ազդեցությունը՝ սկսած տրանսպորտից ու արդյունաբերությունից մինչև էներգետիկա, ջրամատակարարում, ջրօգտագործում և թափոնների գոյացում: Համայնքն այժմ բազմազան ծրագրեր է նախաձեռնել մայրաքաղաքի բնական համակարգի վիճակը բարելավելու նպատակով: