– Մասնագիտություններից ամենանուրբը բժշկությունն է: Ուղեղի վիրահատության ժամանակ 1 մմ շեղվես, մարդը կարող է էլ չխոսել:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն այս կարծիքը ձևավորել է պրակտիկ բժշկության ոլորտում: Այժմ «բժշկում է» Երևանի կանաչապատ գոտիները:
– Հիմա հասկանում եմ, որ սա շատ ավելի բարդ է: Եթե բժշկության ոլորտում իրար հետ միայն բժիշկներ են աշխատում, այս դեպքում գործ ունես դենդրոլոգների, ագրոնոմների, բուսաբանների, բուսաբույժների, դիզայներների և այլ բազմաթիվ մասնագետների հետ: Նրանք կանաչապատմանը նայում են իրենց մասնագիտական դիտակետից: Իմ խնդիրը բոլորի տեսածը տեսնելն ու Երևանն առողջացնելն է: Ցավոք, ես ոչ շատ առողջ Երևան եմ տեսնում:
Այսօր կանաչապատման ոլորտում հիմնական շեշտը դրվում է ծառերի առողջացման, բազմապատկման ու կայուն աճ ապահովելու վրա:
Խորհրդային միության տարիներին տնկված ծառերն արդեն հասնում են իրենց բնական անկմանը: Առողջ ծառեր ունենալու օրակարգով փոխտնօրենն ու ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը հանդիպում էին կազմակերպել Երևանին բույսեր մատակարարող ընկերությունների հետ:
Արծվի Գրիգորյանը պատմում է.
– Հրավիրել էինք այն մատակարարներին, որոնք մասնակցել էին ՀՈԱԿ-ի կազմակերպած մրցույթին ու մեր ներկայացրած բնութագրին չհամապատասխանող բույսեր բերել: Մենք դրանք գարնանը չենք ընդունել, բայց հնարավորություն ենք տվել այս աշնան ծառատունկին լրացնել բացը: Եթե այս անգամ էլ չբերեն, հնարավոր է՝ ընկնեն սև ցուցակ: Մեր պահանջները խիստ են դրված, և մենք հետևողական ենք լինելու, որ բնութագրին համապատասխան բույսեր ձեռք բերենք:
Քրիստինա Վարդանյանի կարծիքով, մատակարարները պետք է ՀՈԱԿ-ի հետ մեկ գաղափարական թիմ դառնան:
– Առողջ բույսից բացի այլ պահանջ չունենք: Վատը չենք ընդունելու: Ձեր բույսերի սեփականատերը Երևանն է: Խոշորացույցով ենք ընտրելու:
Ամեն ծառի կյանքով մի ամբողջ կազմակերպություն է զբաղվում: Եթե ծառը չորանում է, ստացվում է, որ մի ամբողջ կազմակերպության աշխատանքը ջուրն ընկավ