Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի այցելե՞լ եք։ Հետնամասում գտնվող կանաչ գոտին տեսե՞լ եք․․․ գոտին հիմա է կանաչ։ Մոտ երկու տարի առաջ տարածքն ամայի ու անշուք տեսք ուներ։ Հարակից շենքի բնակիչ Սամվել Տոնոյանը մի օր որոշեց ջրել այգին։ Ուզում էինք այգին անտառի վերածելու մոտիվացիան հասկանալ։ Չստացվեց։
– Ինչո՞ւ որոշեցիք ջրել տարածքը։
– Որովհետև չոր էր։
– Բա ինչո՞ւ հենց Դուք։
– Բա ո՞վ։
– Դե, մյուսներն էլ։
– Սպասեի, մինչև ուրիշները որոշեի՞ն ջրել, չորանա՞ր։ Ջրեցի էլի։
Հասկանում ենք, որ արհեստավարժ երեսպատողի համար այգին խնամելու միակ բացատրությունը շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունն է։
– Շատ էին կեղտոտում տարածքը, ծառերը շատ են, բայց գազոնն էլ խնամքի կարիք ուներ, ծառերն էլ։ Ջրում եմ, մաքրում եմ։ Կեսօրին մաքրում եմ, երեկոյան գալիս եմ, տեսնում մարդիկ եկել, պիկնիկ են անում կամ երիտասարդ զույգը ժամանակ է անցկացնում։ Հանրային տարածք է, պետք է անեն։ Հետո տեսնում եմ, նորից կեղտոտել են տարածքը։ Էլ ինչ ասեմ․․․․
Ոռոգման ջուրը տալուն պես, Սամվելը խողովակը ձեռքն է վերցնում ու անցնում գործի։ Այգում բալ կա, սալոր կա, թութ կա․․․ ոչ մեկից էլ չի օգտվում։ Միայն մաքրում է ու խնամում։ Մի քանի տասնյակ ծառերի պուրակն էլ անտառ է դարձրել։ Տնեցիներին ասում է՝ «գնում եմ անտառ» ու գնում է կանաչ գոտին խնամելու։
– Տեսնեմ, որ ժամանակս ների, մյուս կողմն էլ կսկսեմ խնամել։