1999 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչ զարդն անվանակոչվեց Արցախյան ազատագրական շարժման մասնակից, «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով։ Այստեղ տեղադրված են քանդակագործ Ռաֆիկ Սարգսյանի՝ Զորավար Անդրանիկի արձանը ու քանդակագործ Գառնիկ Ղազարյանի «Նոյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը փետրվարից սկսել է բարեկարգել այգին։ Հին ծառերի ու թփերի կողքին ՀՈԱԿ-ի մասնագետների ջանքերով ավելացել են նորերը։ Անցկացվել է 1100 մ խողովակաշար ու տեղադրվել 135 փական, որոնք ապահովելու են նոր տնկված ծառերի ու բույսերի ոռոգումը։
Զորավար Անդրանիկի արձանի առջևի հատվածում սկսվել է ծաղկանոցի ջրագծի անցկացումը, եղածը կփոխարինվի ժամանակակից ստորգետնյա ոռոգման ցանցով։
Մոտ 4500 քմ սիզախոտ է ցանվել, տնկվել է 27 կատալպա, 20 բուդլեա և մոտ 5000 թուփ։ Այգին ապագայում շատ ավելի առողջ ու գեղեցիկ տեսք կունենա։
Ի դեպ, այգին ամբողջ օրը բազմամարդ է լինում, տեղի բնակիչները սիրում են երեկոյան զբոսանքն այգում կազմակերպել։