Երևան քաղաքի ավագանին 2012 թվականի մարտի 16-ի N405-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել։ Փոփոխությունների առաջարկը ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի նախաձեռնությունն է:
Փոփոխությունների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքներ սկսելուց առաջ պետք է ապահովի տարածքում գտնվող կանաչապատ գոտու պաշտպանությունը։

Շինարարական աշխատանքների բացասական ներգործությունից խուսափելու համար հարկավոր է ցուցակագրել շինհրապարակի տարածքում առկա ծառաթփատեսակները, կանաչ տարածքները եզրագծով ցանկապատել մետաղյա կամ այլ կոշտ նյութերով, ծառերի ու թփերի բնաբաժակները 0,5 մետր հեռավորությամբ ցանկապատել փայտե տախտակներով կամ այլ կոշտ նյութերով, շինարարական նյութերն ու ծանր տեխնիկան պահել բույսերից 1,5 մ հեռավորության վրա, բացառել ծառերի ու թփերի արմատային համակարգի վնասումն ու մերկացումը, շինաշխատանքի ավարտից հետո առանց բույսերը վնասելու տարածքից հեռացնել ցանկապատերը, տեխնիկան և սարքավորումները։

Շինարարության ընթացքում բույսերին պատճառված վնասի դեպքում լիազորված պետական մարմինները կիրականացնեն համապատասխան վարույթներ, և շինարարություն իրականացնողը կենթարկվի պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 1-ից։

ՀՈԱԿ-ը պատրաստակամ է խորհրդատվություն տրամադրել շինարարություն իրականացնող կազմակերպություններին բույսերի գրագետ պաշտպանությունը կազմակերպելու համար։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում արդեն ունենք հաջողված օրինակներ։
Որոշման մանրամասները՝
https://www.yerevan.am/am/elders-decisions/337-1/