3G բակում էինք․ Գյուլնարան թոռներից էր պատմում, Յանան լավ նկարիչ էր, Գալյան Արցախից էր, Գայանեն տանը չէր, Կարինեն էլ գուլպաները կախել էր իր աճեցրած բույսից ու գինի էր վայելում։
Ազատության պողոտայի 9 բ շենքի բակն է՝ իր էկոհամայնքով։ Այստեղ մրցում են հանուն բնության, ապրում են բնության հետ համահունչ, խոսում են հիմնականում բնությունից։
Հին բնակիչները 1970 թվականից շենքում են, Կարինեն 9 տարի ուշ է եկել, պարբերաբար այլ երկրներում ապրել, բայց էկոհարևանությանը չի մոռացել։
Մենք նախ Կարինեին հանդիպեցինք։ Ժամադրության վայրը բակն էր, որտեղ հանդիպեցինք նաև «Merry Cհristmas» և «Մարիաննա» ծառերին։ Առաջինը Նոր տարուց է մնացել, երկրորդի պաշտոնական բացումն էլ 2020-ին են արել։ Ծով գնալու հնարավորություն չկար, ստիպված ծովի գույնը բերեցին բակ, ծառի անունն էլ Մարիաննա դրեցին։
Բակի բոլոր անկյունները զարդարված են աղբանոցներից գտնված իրերով։ Բերել, մաքրել, նկարել, կոփել-ձևել, տեղադրել են այգում, ծաղիկներով լի ծաղկամաններ շարել։ Գյուլնարան, պատմում է, որ բակի ծառերը մի կերպ են պահպանել։ 1990-ականներին ամեն օր կռիվ էին անում համայնքի բնակիչների հետ։ Սղոցի ձայն էին լսում, թե չէ, ինքն ու ամուսինը դուրս էին գալիս բակ ու թույլ չէին տալիս հատել ծառերը։ Բարձրանում էին տուն թե չէ, նույն պատկերը։
– Հիմա, որ այդ ծառերին մի բան է լինում, հիվանդանում են, չորանում, սիրտս կանգնում է, – պատմում է Գյուլնարան։
Բույսերը բուժում են իրենց միջոցներով, սրսկում են, կրապատում, էտում։ Իրենց միայն մեկ մասնագիտական այց է պետք, որ իմանան՝ ինչպես է պետք գրագետ խնամել, մնացած ամեն ինչն ինքնուրույն կանեն։
Կարինեն պատմում է․
– Տանը աճեցնում ենք տնկիներ, հետո բերում ենք այգի։ 3 տարի առաջ էլ թաղապետարանը տնկիներ բաժանեց։ Ինձ, իհարկե, ամենավատ տնիկները հասան, փայտի կտորներ էին։ Էդպես էլ չիմացա՝ ինչ ծառատեսակ են։ Բերեցի, դրեցի, պարզվեց կաղնի է։ Մի օր էլ տանը ուռենի դրեցի, ծլեց, բերեցի այստեղ, ահագին մեծ ծառ է դառնում։ Հիմա առավոտյան արթնանում եմ աջից բալ եմ ուտում, ձախից՝ թութ․․․․
Հիմա անցնենք 3G-ին։ Դա երեք մտերիմ ընկերուհիների անունով է։ Գյուլանարան գյումրեցի է, Գալյան՝ արցախցի, Գայանեն՝ կիրովականցի։ Երեք մուտքերի երեք բնակիչների միության ու ակտիվության հիմնական բաղադրիչը բնությունն է։ Շենքի մուտքերում մրցակցությունը երևում է։ Ամեն մուտքի դիմացի այգու հատվածի դիզայնն այլ է։
– Տես, էն մուտքում հարուստներն են ապրում։ Իրենք ամեն ինչ սարքել են տալիս, հողը գումարով փորել են տալիս, ծառը գնում են, բույսերը գումարով սրսկել են տալիս։ Մենք՝ մեր ձեռքով ենք անում։ Բայց դե տարբերությունը ո՞րն է, բնությունն էնպիսի բան է, որ բոլոր օղակները շահում են։ Արդյունքը՝ նույնն է, առողջ միջավայր։
Գալյան ու Կարինեն բակի տեսակավորած թափոնները տարան դեպի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղադրած թափոնամաններ, վերադարձան ու գնացինք Կարինեի տուն։ Ինչ ասես չտեսանք՝ խցաներից պատրաստված աթոռ, ժամացույց, որը պլաստամասսե տարա է, Կովիդ 19-ի հրեշտակին բարևեցինք, որի թևերը աղբանոցից բերված ռենտգեն հետազոտության պատասխանն է, լոգարանի իրեր, ժիլետ․․․ բոլորը թափոններից։ Հանդիպման վերջնակետը Made in Armenia ճամպրուկն էր։ Կարինեն ամեն օր հայկական արտադրության որևէ իր է գնում, այն տեղավորում ճամպրուկի մեջ, խաղերի միջոցով էլ բաժանում հյուրերին ու ընկերներին։ Օրինակ, երբ մենք էինք հյուր, ճամպրուկից հանեց Գյումրիում արտադրվող գուլպաները, կախեց իր աճեցրած բույսից, ճամպրուկի գինիներից մեկը բացեց, խմեց մեր ու բնության կենացը։