Օղակաձև այգի
Մի օր՝ 1923 թվականին, Թամանյանը թղթի վրա օղակ նկարեց և փորձեց քաղաքը դրա շուրջ կառուցել: Գլուխկոտրուկի լուծման բանալին հենց այդ օղակն էր:
Ճարտարապետը փորձում էր ստեղծել քաղաք-այգի: Այնտեղ պետք է լինեին միայն 3-4 հարկանի շենքեր, արահետ հիշեցնող նեղլիկ փողոցներ ու կանաչ գոտիներով միմյանցից հստակ առանձնացող վարչական շրջաններ: Երազանքը կյանքի կոչելը բարդ էր:
Տարիներ անց այն պետք է դառնար քաղաքի ամենամեծ ու կարևոր կանաչ գոտիներից մեկը` Օղակաձև այգին…
Թամանյանի նախնական հատակագծում Օղակաձև այգին երիզում էր Փոքր Կենտրոնը: Այգին սկսվում էր Կոնդից և ավարտվում էր Տ.Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում:
Խիտ բնակեցված Փոքր Կենտրոնը այգին պետք է հագեցներ խոնավությամբ, պայքարեր փոշու, ծխի, գազերի և աղմուկի դեմ:
Օղակաձև այգու հատակագիծը ստեղծվեց 1924 թ-ին, բայց կյանքի կոչվեց միայն 1960-ականների սկզբին: Այգու կառուցումը նախաձեռնեց «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցը` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ։
Այգու կառուցման փուլում թամանյանական նախագիծը մի շարք փոփոխությունների ենթարկվեց, նախատեսված 1200 հա տարածքն էլ էապես նվազեց:
Այգին սկիզբ առավ «Այրարատ» կինոթատրոնի մոտից, անցավ Խանջյան, Երվանդ Քոչարի փողոցներով ու ձգվեց մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այդպիսով, Օղակաձև այգու տարածքը զբաղեցրեց Փոքր Կենտրոնի միայն 7 տոկոսը:
Այգին ունեցավ 26 հա տարածք, որից
• 9 հա ճեմուղի,
• 2 հա ջրային տարածք (շատրվաններ, ջրավազան, լողավազան)
• 14 հա կանաչ գոտի,
• 7700 քմ շինօբյեկտ (արձաններ, քանդակներ)։
Մեծ ծառատունկ իրականացվեց: Այգին դարձավ քաղաքի ծառաթփատեսակներով ամենահարուստ կանաչ գոտիներից մեկը (աճում է սոճի, եղևնի, գիհի, ակացիա, թխկի, կատալպա, կաղնի, կեչի, բարդի, հացենի, արոսենի, բալենի, կեռասենի, տանձենի, չիչխանի ծառ, սոսի, հուդայածառ, փշատենի, թթենի, ասպիրակ, եղրևանի, մասրենի)։
Այգու երկայնքով հոսում էր Գետառը, ապահովում կանաչ գոտիների ոռոգումն ու օդի խոնավությունը:
Երևանցիները գոհ էին: Օղակաձև այգին միշտ մարդաշատ էր:
Ավելի մարդաշատ դարձավ 1964 թ-ին, երբ այգու բարձրադիր ռելիեֆի վրա ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը կառուցեց «Առագաստ» սրճարան-նավը (Պոպլավոկը): Այստեղի ճաշացանկը հարուստ չէր: Մարդիկ գալիս էին սրճարան ոչ թե սնվելու, այլ զրուցելու համար: Ավանդույթ կար՝ Պոպլավոկ եկող յուրաքանչյուր ոք իր հետ մի լուր պետք է բերեր: Տեղեկատվական բացը մարդիկ շփումով էին լրացնում: Պոպլավոկը, 15 կոպեկանոց լահմաջոն, սուրճ եփող Արթուրն ու գինովցած տղամարդկանց բաժանող խոհարար տիկին Լիլիթը մինչ օրս 1960-ականների խորհրդանիշ են համարվում:
«Առագաստ» սրճարանի և դրա հարակից տարածքի ձևավորման համար ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը ճանաչվեց Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր:
1960-1970-ական թվականներին Օղակաձև զբոսայգու տարածքը հարստացավ նաև հուշարձաններով: Այնտեղ շուրջ 20 հուշարձան կա` «Աղբյուր», «Բարեկամության ձեռքեր», «Միացյալ խաչ», «Վահան Տերյան», «Եղիշե Չարենց», «Արմեն Տիգրանյան», «Վարդան Մամիկոնյան» և այլն:
«Մութ ու ցուրտ» 1990-ականներն Օղակաձև այգու կենսագրության մեջ ևս բեկումնային դարձան: Նախ մարդիկ սկսեցին ծառերը հատել, ապա ցամաքեց Գետառը: Քաղաքական լարված իրավիճակում այգին մնաց անխնամ:
2000-ականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության տրվեցին, անկանոն կառուցապատվեցին, կանաչ գոտիները վերածվեցին սրճարանների: Այգու հատակագիծը տարիների ընթացքում կորցրեց օղակի ձևը: 2005 թ-ին Օղակաձև զբոսայգին վերանվանվեց «Երիտասարդության զբոսայգու»: Այգու տարածքն այսօր 1.6 հա է:
2019-2020 թթ․ Երևանի քաղաքապետարանն ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը սկսեցին զբոսայգու բարեկարգման աշխատանքները: Այգու տարածքն ամբողջությամբ մաքրվեց կենցաղային աղբից, հատվեցին կենսազուրկ ծառերը, նորոգվեցին հին ու քայքայված ջրագծերը: Տարածքում իրականացվում են նաև շինարարական աշխատանքներ, բարեկարգվում են այգու արահետները, տեղադրվում են սալաքարեր և եզրաքարեր: Լուծվում է նաև այգու լուսավորության հարցը:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ շուտով սքեյթ-պարկ կկառուցվի: Այն զբոսայգին կդարձնի ոչ միայն սպորտային կենտրոն, այլև երևանցիների ժամանցը և հանգիստը կազմակերպելու ինքնատիպ մի վայր: