«Ճնճղուկների սպանդ»․ այս անունն էր կրում հատուկ գործողությունը, որի որոշումն ընդունվեց 1958 թվականին՝ Չինաստանում։ Այդ տարի բնամթերքի հիմնական թշնամիներ հայտարարվեցին ճանճերը, ճնճղուկները, կրծողներն ու խավարասերները։ Հատկապես մոլի էր վերաբերմունքը ճնճղուկների նկատմամբ։ Չարաճճիները մեկ տարում կերել էին այնքան հացահատիկ, որը 35 միլիոն մարդու կբավարարեր։ Հրաման արձակվեց վերացնել ճնճղուկներին։ Այդ օրերին նույնիսկ դասարաններով ու դպրոցներով էին մեկնում ճնճղուկ սպանելու։ Պարսատիկ, կտոր, զենք՝ ինչ ասես գործի դրվեց, որ թռչունները չապրեն։ Մի քանի ամսում սպանվեց մոտ 1,96 մլրդ ճնճղուկ։
Ճնճղուկների սպանդից ուրախացան մեկ մարդիկ, մեկ էլ թրթուրներն ու մորեխները, որոնք սկսեցին ակտիվ բազմանալ։ Էկոհամակարգում կորավ մի բաղադրիչ, որին փոխարինողը բնությունը չի ստեղծել։ Մեկ տարի անց, թրթուրների ու մորեխների համառ ջանքերով բերքն էլի պակասեց, երկրում սով սկսվեց, որի հետևանքով մոտ 30 միլիոն մարդ մահացավ։ Այդ օրվանից աշխարհը գնահատեց թռչունների, հատկապես ճնճղուկների ագրոտեխնիկական նշանակությունը։
Հիմա Չինաստանից գանք Հայաստան ու ծանոթանանք ՀՈԱԿ–ի թռչող կամավորներին։ Դրանք հսկայական դեր են կատարում կանաչապատման հարցում։ Կամավորները սիրալիր են, աշխատում են աշխույժ, առանց պարգևավճարի, երգն էլ կտուցներից անպակաս է։
Երևանի տարածքում բնադրում է մոտ 38 տեսակի թռչուն։ Բազմազանությունը պայմանավորված է մայրաքաղաքի դիրքով։ Կիսաանապատայինից մինչև լեռնային տափաստանային, կան անտառային զանգվածներ ու ճահճացած հատվածներ․ սա է թռչունների բազմազանության հիմնական պատճառը։ Համեմատության համար ասենք, որ անծայրածիր Ռուսաստանում գրանցված է մոտ 600 տեսակի թռչուն։
Թռչելու ընթացքում հսկայական էներգիա է վատնվում։ Այն վերականգնելու համար, օրինակ՝ 5 գր քաշ ունեցող թռչունը կարող է մեկ անգամից մինչև 4 գ միջատ ուտել։ Դա Դեղնագլուխ արքայիկն է։ Վարդագույն սարյակն իր քաշից էլ մեծ մորեխ կարող է ուտել․․․․ մի խոսքով։ Թռչունները պարզապես սնվում են։ Նրանց սնունդը միջատներն ու մկներն են։ Երկուսն էլ ծառերի հիմնական թշնամիներն են։ Թռչունների սնվելու շնորհիվ վնասատուների քանակը զգալի նվազում է։ Դրա համար էլ ՀՈԱԿ–ի սրսկումները խիստ հաճախակի չեն լինում։ Թունաքիմիկատների հաճախակի կիրառումը կարող է ազդել թե՛ ծառի, թե՛ շրջակա միջավայրի վրա։ Բալանսը պահվում է բնության ամենակարևոր մասնիկների՝ թռչունների շնորհիվ։
Եվ այդ է պատճառը, որ ՀՈԱԿ–ի մասնագիտական թիմը ուշադրության կենտրոնում է պահում նաև այդ կարևոր հանգամանքը։ Եվ արվում է հնարավոր ամեն ինչ, որ Երևանը թռչունների համար ավելի հարմարավետ ու գրավիչ քաղաք դառնա։
Շուտով կմեկնարկի մի նախագիծ, որի հեղինակը ՀՈԱԿ–ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն է։ Թռչնասերների կենտրոնի ու Երևանի քաղաքապետարանի ջանքերով նախագիծը մեկնարկել է Արաբկիրի զբոսայգու տարածքում։ Ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թռչնաքանակի բազմացմանը։ Կտեղադրվեն արհեստական փչակներ, կերամաններ ու ջրամաններ։
Կտեղադրվեն նաև տեղեկատվական վահանակներ, էքսկուրսիաներ կանցկացվեն դպրոցականների համար, որոնք ավելին կիմանան թռչունների ու դրանց կարևորության մասին։