Չկանգնել, չնստել, չպառկել սիզախոտին
Շատ հաճախ այգիներում այս հրահանգն անհարմար իրավիճակի մեջ է դնում թե′ այգեպանին, թե′ մարդուն, ով ուզում է հանգստանալ սիզախոտին, կամ քայլել դրա վրայով։ Մեկն ասում է՝ մի′ արա, մյուս վստահ է, որ խոտը ոչ միայն տարածքը գեղեցկացնելու, այլև մարդկանց ժամանցն ապահովելու համար է։
Ի վերջո կարելի՞ է կանգնել գազոնին, թե՞ ոչ։
Այս թեմայով խոսել ենք ՀՈԱԿ-ի արհեստավարժ այգեգործ Գեղամ Իսրայելյանի հետ։ ՊԱՐԶՎՈՒՄ Է սիզախոտին ոչ թե կարելի է կանգնել, այլև ՊԵՏՔ է։ Դա միայն նպաստում է բույսի լավ աճին ու արմատների ամրացմանը։ Բայց կան նրբություններ։
– Մի օրինակ բերեմ։ Ֆուտբոլի դաշտում գազոնը հիմնականում փչանում է հենց դարպասապահի կանգնած հատվածում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ հատվածը չափից ավելի շատ է տրորվում, քան ամբողջ դաշտում՝ մյուս խաղացողների ոտքի տակ, – բացատրում է այգեգործը։
Սիզախոտը վնասվում է, երբ․
• դրա վրա կանգնում ենք թաց ժամանակ։
• նոր է աճել ու դեռ գոնե մեկ անգամ չի հնձվել։
• եթե արդեն նույն տեղում շատ ենք կանգնել ու այդ հատվածը նկատելիորեն որակազրկվել է (դեղնել, տափակել, բարակել, տրորվել)։
Նոր ծլած սիզախոտին գոնե մեկ ու կես ամիս պետք է, որ ամրանա։ Այդ ընթացքում վնասվելու դեպքում, բույսը կարող է չվերականգնվել։ Արդեն ամրացած ու վնասված սիզախոտին գոնե 20 օր ժամանակ է պետք, որ վերականգնվի։
– Արտասահմանցիները Հայաստանում հանգիստ քայլում են սիզախոտի վրա, անցնում-դառնում, իսկ տեղացիները շրջանցում են։ Պատճառն այն է, որ մասնագիտական խոսքը քիչ է։ Եթե սիզախոտի վրա մի հոգի կանգնում ու քայլում է, իր գնացած հատվածը դառնում է ճանապարհ։ Անցորդները մտածում են, քայլել հենց այդ «ճանապարհով», որ շատ չվնասեն, ինչը սխալ է։ Խորհուրդ եմ տալիս թարմ տեսք ունեցող հատվածներով էլ քայլել։
Սիզախոտի թարմ տեսքը մեր քաղաքի հմայքն է ավելացնում։ Այն պահպանելու մեկ դեղահաբ կա ու դա մարդկանց մոտ է։ Կոչվում է՝ ուշադրություն։ Եթե ուշադիր հայացք գցեք սիզախոտին, անզեն աչքով էլ կհասկանաք՝ վնասվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե վնասված է, շրջանցեք այն, եթե թարմ տեսք ունի, քայլեք դրա վրայով և օգուտ տվեք բույսին ու քաղաքին։