Սկսում ենք Երևանի վարչական շրջաններում նոր ստեղծված և վերականգնված կանաչ գոտիներով էքսկուրսների շարք՝ ճանաչողական ու հաշվետու։
Սկսում ենք Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանից։
Տարածքը՝ 2516 հա է։ Բնակչությունը՝ 142 600 մարդ։ Ներկայացնում ենք նախկինում անմխիթար, կիսաանապատային վիճակում գտնվող, այսօր՝ ծաղկուն ու կանաչ այգիները։
Մեկ տարվա ընթացքում 12 հա տարածք զբաղեցնող Եռաբլուրի լանջերն արդեն լիարժեք կանաչ են։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ը 12 ամիսների ընթացքում անցկացրել է 1323 գմ մետաղյա խողովակ, տեղադրել՝ 152 փական։ Լանջերին գոյություն ունեցող ծառերի կողքին տնկվել է ևս 1705 ծառ և 12 500 ծաղիկ։ Իսակովի պողոտայում ցանվել է 3850 քմ սիզախոտ։ Նախատեսվում է նաև անցկացնել կաթիլային ոռոգման համակարգ ծառերի համար։
Իսակով – Բաբաջանյան փողոցը մոտ 5․2 հա տարածք է զբաղեցնում։ Այստեղ 370 գմ ոռոգման գիծը չէր գործում, այն փոխարինվել է մետաղյա խողովակներով, տեղադրվել է 68 փական, տնկվել է 300 վարդ ու այլ տեսակի 4500 ծաղիկ։ Տարածքի խնամքն ամբողջությամբ իրականացնում է ՀՈԱԿ–ը։
Զատիկյանի այգին 2 հա է։ Այստեղ անցկացվել է 1533 գմ մետաղյա և 300 գմ պոլիէթիլենային խողովակ։ Տեղադրվել է 150 փական։ Այգում տնկվել է 27 կատալպա, 500 հատ ծաղիկ, 5000 հատ թուփ։ 200 քմ կանաչ տարածք է հիմնվել, սիզախոտ ցանվել, 250 քմ ճմապատվել է։ Հարակից՝ Սվաճյան փողոցում էլ մոտ 850 քմ սիզախոտ է ցանվել։
Քիչ հեռու՝ գողտրիկ ու գեղեցիկ Մայրության այգին է՝ 1․7 հա տարածքով։ Ժամանակին այստեղ ջուրը ջրցանով էր հասնում։ Այգին սնուցող ջրագիծը վերականգնվել է, անցկացվել է 166 գմ մետաղական խողովակ, որոնք ճյուղավորվում են այգին լիարժեք ոռոգելու համար, տեղադրվել է 30 փական, տնկվել 6000 հատ ծաղիկ։ Հիմա այգին ամբողջովին վերափոխվել է։
Ոտքի ճանապարհով հասնում ենք Երիտասարդության այգի՝ 0․8 հա տարածքով։ Այգին նախկինում էլ բարվոք վիճակում էր, ջրագծերի նորոգման ու ՀՈԱԿ-ի պատշաճ խնամքի արդյունքում, այն այսօր ավելի գեղեցիկ է։ Ոռոգման խողովակների վրա տեղադրվել է 30 փական, ինչն ավելի արդյունավետ է դարձրել ջրի հասանելիությունը, տնկվել 3000–ից ավելի թուփ։
Մալաթիա պուրակը 2․4 հա է։ Խնամված էր, պետք էր ավելի ծաղկուն դարձնել։ Այս տարվա ընթացքում տնկվել է 150 վարդ ու 400 այլ ծաղիկ։ Նորոգվել են բոլոր ջրագծերը։ Պուրակի ամբողջական խնամքն իրականացնում է ՀՈԱԿ–ը։
Իտալական այգին 0․7 հա տարածք է զբաղեցնում։ Այգու ջրագծերը տեղ–տեղ վերանորոգվել են՝ մոտ 20 մ։ Տեղադրվել է 20 փական։ Այգու խնամքը պատշաճ կատարվել է։
Կուրղինյան փողոցում երկու այգի կա, մեկը Կուրղինյան 11 հասցեում է՝ 2500 քմ։ Խնդիր էր դրվել վերականգնել եղած, բայց անխնամ կանաչ գոտիները, նորոգել գոյություն ունեցող, բայց հնամաշ ջրագծերը։
Այգում ՀՈԱԿ–ի աշխատակիցներն արդեն անցկացրել են 120 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրել՝ 10 փական։
Կուրղինյան 7 հասցեում գտնվող այգին ավելի փոքր է՝ 1500 քմ։ Այստեղ աշխատանքներն արդեն սկսվել են։ Անցկացվել է 120 գմ պոլիէթիլենային խողովակ։
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված 4 հա զբաղեցնող զբոսայգու խնամքն ամբողջությամբ ՀՈԱԿ–ն է իրականացրել։ Ջրագծի մոտ 7 կմ ձգվող խողովակները նորոգվել են։ Այգում 1500 հատ ծաղիկ է տնկվել։
Սիրո և հավատի զբոսայգի․1․7 հա տարածք՝ առանց ծառ ու ծաղկի, գրեթե անապատային այգում վերջին ամիսների ընթացքում անցկացվել է 40 գմ մետաղյա խողովակ, տեղադրվել՝ 30 փական, շուտով այգու ոռոգումը լիրաժեք կիրականացվի ավտոմատացված ցայտիչներով։ Այգու արտաքին տեսքն ամբողջությամբ վերականգնվել է, տնկվել է 211 ծառ ու 1282 թուփ։