ԿՇՄՊ ՀՈԱԿ–ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ու փորձագետ Արմենակ Տեր–Գրիգորյանը համատեղ այցով Երևանի վարչական շրջաններում էին։ Ուսումնասիրեցին Կարմիր բլուրի տարածքի բարդիների,Եռաբլուրի եղևնիների, Երկաթգծի կայարանի թույաների, Տիգրան Մեծ փողոցի սոսիների կլինիկական պատկերը։ Բացահայտումների մասին՝ հերթով։
Կարմիր բլուրի տարածքից ահազանգ կար․ 3-4 տարեկան 4 բարդիները չորանում են։ Մասնագետները ստուգեցին բարդու արմատն ու հայտնաբերվեց թաքնված վնասատու՝ սև ոսկեբզեզի թրթուռ։ Միայն թրթուռ փուլում այն երեք տարի սնվում է բույսի արմատով և արմատավզիկով։ Բացում է անցուղիներ, խզում է բույսի արմատի ու վերգետնյա մասի միջև կապը։ Բույսը սկսում է չորանալ։ Սա առաջին բացահայտումն էր։ Թրթուռը հանվեց, նույնականացվեց, հաստատվեց՝ սև ոսկեբզեզի թրթուռն է։ Տեղամասի ներկայացուցչին առաջարկվեց բուժամիջոցը, տրվեց ծառերը ոռոգելու ժամանակացույց։ Քանի որ վնասատուները թաքնված են, պետք է պայքարել ջրով ու միջատասպանով հագեցած լուծույթով ոռոգելով։
Հայաստանի տարածքում սև ոսկեբզեզ կա, բայց ինչպե՞ս կարող էին դրանք հայտնվել Կարմիր բլուրի տարածքում։ Կա հավանական երկու տարբերակ։ Առաջինը պարարտացման համար Հայաստանի տարբեր շրջաններից բերված սևահողն է։ Այս տարբերակով կարող էր ոսկեբզեզը «գալ» Երևան ու «բնակություն հաստատել» բարդիների արմատների մոտ։ Երկրորդ տարբերակն այն է, որ դրանք շատ լավ են համ ու հոտ զգում։ Մայր բզեզը տեղավորում է թրթուռն այնտեղ, որտեղ առատ սնունդ կա։ Առողջ արմատն ամենալավ վայրն է, օրինակ՝ Կարմիր բլուրի մի քանի բարդիներինը։
Այցի երկրորդ կանգառը Եռաբլուրն էր։ Տարեսկզբից այստեղ շատ ասեղնատերևավորներ են տնկվել՝ սոճի, եղևնի, թույա։ Գրեթե 90 տոկոս կպչողունակություն է ապահովվել, որն այս բույսերի համար հրաշալի արդյունք է։ Մանր ասեղնավոր եղևնիների համար Երևանի պայմանները շոկային են։ Օդի հարաբերական խոնավությունը, հողն ու բարձր ջերմաստիճանը սթրեսի առիթ են ծառի համար։ Բայց այդ սթրեսը տևում է մինչև երեք տարի։ Եթե մասնագետներին հաջողվում է երեք տարի առողջ պահել ծառը, ապա սթրեսսն անցնում է, ծառն՝ ապրում։ ՀՈԱԿ–ի մասնագետները հրաշալի էին աշխատել, ժամանակին ոռոգել էին բույսերը։ Մի քանի եղևնու կորուստ էր եղել, ցավոք։
Բայց նույնիսկ պտղատու այգիներում են նման դեպքեր լինում, ինչը նորմայի սահմանում է։ Որոշ եղևնիների համար առաջարկվեց աճի խթանիչ, որն օգնելու է բույսերի արմատների առաջացմանն ու ճնշված բույսերի առողջացմանը։ Աշնանային պարարտացում էլ կլինի, որ ծառերը գարնանը կարողանան դրանից օգտվել։
Էրեբունիում մասնագետները հանդիպեցին արևայրուք ստացած թույաների։ Պատճառը ձնառատ տարին էր։ Ցողունի հատվածում ձյան շերտ է նստում, բայց վերին հատվածը չի ծածկվում ձնով։ Արեգակի ճառագայթներն անդրադառնում են ծառի սաղարթին ու ասեղներն այրվածք են ստանում՝ դառնալով գորշ կամ գորշ դեղնավուն։ Դա ի հայտ է գալիս գարնանը, ու դինամիկան շարունակվում է ամառվա ընթացքում։ Ի դեպ, ծառի արևային կողմն ավելի արևահարված է ու ճնշված, քան ստվերոտ կողմը։ Գեղագիտական տեսքն ապահովելու համար առաջարկվեց մաքրել այրված ասեղնատերևները, ընթացիկ ցողում անել վնասատուների կանխարգելիչ նյութով և շարունակել խնամքը։
Տիգրան Մեծի փողոցում սոսիները հրաշալի աճում են։ Բայց իրար կողք գտնվող երեք սոսի չորացել է։ Մինչդեռ 3 մետր հեռավորության վրա գտնվող սոսիներն առողջ են։ Ստացվում է՝ նույն ոռոգմամբ, նույն արևով ու պարարտացված հողով, բայց 3 սոսիների մոտ խնդիր կա։ Հիվանդ սոսիների հողն ուղարկվել է փորձաքննության հասկանալու՝ որն է ծառերի չորացման պատճառը։ Նախնական վարկածով՝ հարակից շինաշխատանքներն են։