Երևանի հանրային սքեյթ-պարկը գրեթե պատրաստ է։ Վերջին շտկումներն են արվում։ Պարկը՝ մարզիկներին ու սպորտաձևը սիրողներին, հանգստի գոտին՝ զբոսնողներին։
Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում ոռոգման խնդիրը լուծելուց հետո տնկվել է 8600 ծաղիկ, որից 4600-ը տնկվում է այսօր։
ՀՈԱԿ-ի լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչությունը սքեյթ-պարկի ճարտարապետական լուծմանը համահունչ ծաղիկներ է ընտրել՝ գացանիա և եղեսպակ։ Արդեն բարեկարգվել էր 50 000 քմ տարածք, 3000 քմ-ն էլ այս օրերին է բարեկարգվել։ Ապամոնտաժված սրճարանների փոխարեն պարկի շուրջբոլորը կզարդարի կանաչ գոտին։ Մոտ 35 աշխատակից երկու շաբաթում մաքրել է տարածքը, նախապատրաստել սիզախոտի սերմի ցանքին։ Կմնան վերջնական շտկումները․ տեղ-տեղ աշխատակիցների ոտքերի տակ վնասված խոտը կվերականգնվի, անցորդների անփութությամբ վնասված ոռոգման համակարգի որոշ հատվածները կնորոգվեն, տարածքը վերջնական կմաքրվի և պատրաստ կլինի սքեյթ-պարկի պաշտոնական բացման արարողությանը։